ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Մինչև այսօր ինչո՞վ էր զբաղված ՀՀԿ-ն

Մինչև այսօր ինչո՞վ էր  զբաղված ՀՀԿ-ն
10.01.2017 | 00:24

Տոները հետևում են, առջևում նախընտրական իրարանցումն է, որը հազիվ թե տոն լինի հանրության համար։ Իշխանություն-ընդդիմություն առճակատումները կհասնեն գագաթնակետին, ներկայացումների, փրկիչների պակաս չի լինի։ Իշխող կուսակցությունը ասպարեզ կնետվի փոփոխությունների «սիմվոլներով», բայց դժվար թե ժողովուրդը հավատա դրան։ ՀՀԿ-ական պատգամավորներից փորձեցինք պարզել, թե ինչ է արել իրենց կուսակցությունը նախորդ տարիներին, որ այսօր հանրությունից վստահության քվե է խնդրում։

«ՀՀԿ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)


-Ոչ թե ընդդիմադիրների, այլ հանրության աչքում հանրապետականն ունի վստահության ռեսուրս,- ասաց պատգամավորը։- Իհարկե, որոշ աշխատանքներ դեռ ընթացքի մեջ են, կան թերություններ և բացթողումներ, որոնցից մենք չենք փախչում։ Դրանք շտկելու ուղղությամբ նոր կառավարության քայլերը հուսադրող են։ Իսկ հանրության այն հատվածը, որը երկրի կայունության կողմնակիցն է, պետք է ՀՀԿ-ին ընտրի։ Ժողովուրդը պետք է օգնի, աջակցի կառավարությանը` խնդիրները լուծելու։ Այլ ճանապարհ չկա։ Արկածախնդրությունը ծանր հետևանքներ է բերելու։
-Արկածախնդրություն ասելով ո՞ր ուժերը նկատի ունեք։
-Այն ուժերը, մարդկանց, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեցող իբր գաղափարներ են առաջ քաշում, ամբոխահաճո հայտարարություններ անում։ Ավելի աբսուրդային է դառնում, երբ նման հայտարարություն են անում ժամանակին իշխանություն եղած ուժերը։ Իսկ հանրապետականի նոր կառավարության հիմքում ամբողջովին իրատեսական ծրագրեր են։ Մենք պետք է մեզ համար բարձր նշաձող սահմանենք ու գնանք այդ ճանապարհով։
-Փաստն այն է, որ մենք անգամ ցածր նշաձողին չենք «ձգում», էլ ուր մնաց բարձրին։ Ասվածի լավագույն վկայությունը տնտեսական ծանր վիճակն է։
-Ֆինանսատնտեսական խնդիրները հայաստանածին չեն, համաշխարհային գործընթացներ են, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաև մեզ վրա։ Մենք դարձանք ԵԱՏՄ-ի անդամ, վստահ լինելով, որ մեծ շուկա կունենանք։ Դրան խանգարեց ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը։ Կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվի առումով քիչ բան է մեզնից կախված, իսկ սուբյեկտիվ թերացումների վերացումն արդեն այս կառավարությունը սկսել է։ Պետք է ձերբազատվել ավելորդ ծախսերից, շռայլություններից, թևերը քշտած գործի անցնել։ Այսօր հետևյալ հարցն է առաջնային՝ ի՞նչ անել։
-Իշխանությունը գիտի՞ այդ հարցի պատասխանը։
-Գիտի ու փորձում է քայլեր անել։ Տարածաշրջանի ամենահոգսաշատ երկիրն ենք, սա գիտակցելով, առաջնահերթորեն պետք է հասնել խաղաղության և երկրի զարգացման։
-Տպավորությունն այնպիսին է, որ նախորդ տարիներին ՀՀԿ-ն մատը մատին չի տվել ու հիմա ամեն ինչ թողել է այս կառավարության «ուսերին»։ Բոլոր ակնկալիքները նրան են վերագրվում։ Նախընտրական տարո՞ւմ հասկացաք, որ կուտակված այսքան խնդիրներ ունենք, իսկ տնտեսությունն էլ ծայրահեղ ծանր վիճակում է։ Մինչ այս ի՞նչ էիք անում։
-Խնդիրների մասին խոսվում էր, սակայն այսօրվա պես համակարգային մոտեցում չէր ցուցաբերվել։ Հիմա ուսումնասիրում ենք ողջ իրավիճակը, վերլուծում, որ իմանանք ինչը ինչպես անել։ Հիմա մենք աննախադեպ իրավիճակում ենք, երբ մեր սպասումները, դրսի շուկայի հետ կապված, չարդարացան։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ը վերջ կտա ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, և մենք ևս կշահենք այդ ամենից։ Եթե Արևմուտքը կարծում է՝ բախումներով պետք է առաջ գնալ, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Մարդկությունը պետք է ջանքերը համադրելով առաջ գնա, ոչ թե հակադրվելով։ Հինգ տարի հետո կհիշեք՝ կար մի ԱԺ պատգամավոր, որ ասաց, թե մեր հայրենիքն ավելի ծաղկուն ու զորեղ է լինելու։
-Կարելի՞ է ենթադրել, որ Դուք հրաժեշտ եք տալիս խորհրդարանին։
-Հավերժ ոչինչ չկա։ Ես այն մարդը չեմ, որ իր տեղը չգիտե։
-Եթե ոչ պատգամավոր, ապա ի՞նչ։
-Մի բան կգտնեմ։ Ես չեմ կարող տանը նստել, այլապես շատ կարճ կյանք կունենամ։
-ՀՀԿ-ն մտադիր է ավագների խորհուրդ ստեղծել, կհամալրե՞ք նրանց շարքերը։ Ընդհանրապես ավագներն ի՞նչ պետք է տան երիտհանրապետականներին։
-Հոգու խաղաղություն։ Երիտասարդները բռնկուն են և հավակնոտ։ Անցած ճանապարհը, փորձը փոխանակել և համադրել երիտասարդական ավյունի հետ։ Իսկ ավագների շարքը համալրելու առումով էլ, կարծում եմ, խորհրդարանից տարեցներին «գերանդիով» հնձելը ճիշտ չէ։ ԱԺ-ին պետք է ոչ միայն երիտասարդների ավյունը, այլև ավագների խոհեմությունը, հավասարակշռվածությունը։ Պետք է սերնդափոխություն, բայց ավագները ոչ թե կողքից պետք է այդ երևույթին մասնակցեն, այլ ներսում լինեն ու իրենց խորհուրդները տան։

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՀԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԴԻՆԱՄԻԿ ԿԱՇԽԱՏԻ»
ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)


-ՀՀԿ-ն այս տարիներին վաստակե՞լ է հանրության վստահությունը, որ այսօր «պարզ ճակատով» նախընտրական պայքարի մեջ է մտնում։
-Արդյոք կա՞ մեկ այլ ուժ, որ ավելի շատ քվե կարող է ունենալ, քան հանրապետականը։ Ամենաբարդ ժամանակահատվածում ՀՀԿ-ն կարողացավ երկիրը ցնցումներից հետ պահել։ Այսօր հանրապետականը օրակարգ ձևավորող կուսակցություն է, ժողովրդի վստահությունը նոր կառավարության նշանակմամբ նաև մեծացել է։ Ընտրություններից առաջ չէ, որ ՀՀԿ-ն սկսել է աշխատել։ Կայացած կուսակցությունը կարող է հանրության վստահությունը վայելել։ Նոր ձևավորված կուսակցությունները, որքան էլ հավակնոտ ծրագրեր ներկայացնեն, վստահության պակաս միշտ ունենալու են։
-Եթե ՀՀԿ-ին զրկենք իշխանական լծակներից ու ֆինանսական «դոնորներից», ժողովրդի քանի՞ տոկոսը ձայն կտա ձեր կուսակցությանը։
-Այդ ամենն ինքնանպատակ չի եղել, քաղաքական ռեսուրսը տարիների ընթացքում է կուտակվել։ ՀՀԿ-ն իրեն ամրագրել է քաղաքական դաշտում, որպես հզոր կուսակցություն, ոչ թե մեկ-երկու տարում, այլ տարիների աշխատանքի արդյունքում։ Այսօր խմորումներ են ընթանում, մինչև փետրվար ամեն ինչ իր տեղը կընկնի, և բոլոր կուսակցությունների համար կունենանք մրցակցային դաշտ։
-Ընտրողը քվեարկելուց առաջ նախ ուզում է հասկանալ, թե գործող իշխանությունն ինչ է արել իր բարեկեցության համար։ Սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերն էլ մեծանում են։
-Այո, շատ անելիքներ ունենք, բայց այս տարիներին փոքր, կայուն աճ ապահովել ենք։ Լավը չտեսնել չի կարելի, իսկ խնդիրները պետք է լուծել։ Մենք դեպի 2017 ենք գնում այն ակնկալիքով, որ կկարողանանք ԵՄ-ի հետ քաղաքական փաստաթուղթ ստորագրել, ԵԱՏՄ-ի ռեսուսներն օգտագործել մեր տնտեսության զարգացման համար։ ՈՒնենալով այսպիսի անկանխատեսելի հարևաններ, կարողացել ենք ապահովել փխրուն խաղաղություն։ Եթե գլոբալ նայենք խնդիրներին, ՀՀԿ-ն չի տապալել գործընթացները։ Այո, ունենք բազում խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Ընտրություններից հետո ՀՀԿ-ի ձևավորած կառավարությունն ավելի դինամիկ կզբաղվի այդ հարցերով։

Հարցազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ